Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Սեքսոլոգիայի զարգացման պատմությունը

Սեքսոլոգիայի զարգացման պատմությունը

Սեքսոլոգիայի զարգացման պատմությունը բժշկության պատմության հետաքրքիր էջերից է։ Հետադարձ հայացք նետելով սեքսոլոգիայի անցած ուղուն, տեսնում ենք, որ սեռականությունն ուսումնասիրող առաջին աշխատությունները, որոնցում արծարծված են սեռական վարքի խանգարումները, պատկանում են հոգեբույժների գրչին։

 

Այս հանգամանքը կարելի է բացատրել նրանով, որ պրակտիկ գործունեության ընթացքում սեռականության դրսևորման արտասովոր ձևերի հետ առնչվում էին հենց հոգեբույժները։ Բացի այդ, պատմական այդ ժամանակաշրջանում վճռորոշ դեր ուներ կրոնաբարոյախոսական քննադատությունը, որից քիչ թե շատ զերծ էին մնում միայն հոգեբուժական կլինիկաները։

Միջնադարյան բարոյախոսությունն ամբողջովին համակված էր հակասեքսուալ տրամադրվածությամբ։ Սեռական կյանքին և ընդհանրապես մարմնականին առնչվող ամեն ինչ համարվում էր անմաքուր և անպարկեշտ, որոնց մասին մտածելը, առավել ևս` բարձրաձայն խոսելը պատիվ չէր բերում բարեկիրթ մարդկանց։

Սեքսոլոգիան իբրև գիտություն բուռն զարգացում ապրեց միայն 19-րդ դարի վերջում` կենսաբանական և սոցիալական գիտությունների համալիր զարգացման շնորհիվ։ Մյուս կողմից, այս ժամանակաշրջանում հնարավոր եղավ հաղթահարել եկեղեցու դաժան և քաղքենիական կեղծ բարեպաշտության դիմադրությունը։

Առաջ քաշվեց կանանց և տղամարդկանց քաղաքական, տնտեսական և սեքսուալ  իրավահավասարության գաղափարը, ամուսնության և ամուսնալուծության հարցերի կառավարումը ձերբազատվեց եկեղեցու իշխանությունից, ուժը կորցրած ճանաչվեցին հակաբեղմնավորիչների կիրառումը և աբորտները արգելող օրենքները, միայնակ մայրերի և «ապօրինի» զավակների իրավունքների պաշտպանությունը դարձավ կարևոր խնդիր։

1960-ականներին, էնդոկրինոլոգիայի բուռն զարգացման հետ, հրապարակ հանվեցին գիտական աշխատություններ, որոնցում սեռականության գնահատման գերիշխող չափանիշ էր համարվում հորմոնալ գործոնը, հատկապես անդրոգենների քանակությունը արյան պլազմայում։ Հոգեվիճակը, սեռական հակումը և անգամ վարքը դիտարկվում էին որպես տեստոստերոնի մակարդակով պայմանավորված դրսևորումներ։ Դա բերեց սեռական խանգարումների բուժման նպատակով տեստոստերոնի ոչ ռացիոնալ նշանակմանը։ Մինչև 1974 թ. տեստոստերոն պարունակող պրեպարատները լայնորեն օգտագործվում էին սեռական խանգարումով հիվանդների կողմից։

Սակայն շուտով լույս տեսան մի շարք քննադատական հրապարակումներ, որոնք հերքում էին հորմոնալ համակարգի ուղղակի և անմիջական ազդեցությունը սեռական ֆունկցիայի վրա, քանի որ սեռական խանգարում ունեցող հիվանդների մանրակրկիտ քննությունը չի բացահայտում նյարդաէնդոկրին համակարգի որևէ լուրջ շեղում։ Այն եզակի դեպքերը, երբ սեռական գործառնության նյարդահումորալ բաժինը թերանում է իր ֆունկցիայի մեջ, հետևանք են ժամանակին մանկաբույժների կողմից չախտորոշված ախտաբանական վիճակի։ Ինչպես նշում է Գ.Ս. Վասիլչենկոն, սեռական գործառնության նյարդահումորալ բաղադրիչը վերջնականորեն ձևավորվում է սեռական հասունացման ավարտին։ Կանխորոշված հենքի, այն է՝ ուղեղի խորքային կառույցների և հորմոնալ համակարգի հիման վրա սեռահասունացման տարիքում կառուցվում է սեռականության վերջնական բովանդակությունը։ Այսպես, սեռականության այնպիսի դրսևորումը, ինչպիսին է սեռական հակումը, ունի երկու բնութագրիչ՝ որակական և քանակական։

Հորմոնալ պատրաստուկների նշանակումը լավագույն դեպքում ազդում է սեռական հակման քանակական, բայց ոչ երբեք` որակական կողմի վրա, ինչի ապացույցն է հոմոսեքսուալ սեռական կողմնորոշման փոխման անհնարինության փաստը՝ տեստոստերոնի նույնիսկ գերդոզաների ազդեցության տակ։

1977 թ. Ի.Ֆ. Յունդան հիմնավորում է հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի կարգավորող, կանոնավորող գործունեության կապը միզասեռական համակարգի հետ։ Նեղ մասնագիտությամբ լինելով ուռոլոգ, նա փորձեր է անում դուրս գալ «ռեդուկցիոնիզմի» (ըստ Գ.Ս. Վասիլչենկոյի) շրջանակներից։ Չթերագնահատելով սեռական համակարգի առողջ գործունեության համար անհրաժեշտ հորմոնների ակտիվության դերը, նա միևնույն ժամանակ սեռական խանգարումների ողջ շրջանակը միանշանակորեն չէր կապում շագանակագեղձի ախտահարման հետ, ինչպես դա անում էին իրենց «ուռոսեքսոլոգ» համարող որոշ բժիշկներ։

70-80-ական թվականները նշանավորվում են էնդոկրինոլոգիայի դերի նվազմամբ, քանի որ հորմոնալ պատրաստուկների ոչ ռացիոնալ կիրառման հետևանքով առաջացած կողմնակի բացասական երևույթները ակնհայտ էին։

Սեռական խանգարումների առաջացման ախտածնության մեջ հիմնավորվեց միզասեռային որոշ հիվանդությունների, մասնավորապես շագանակագեղձի և սեռային հավելյալ գեղձերի հիվանդությունների գերակայությունը։ Սա պարարտ հող ստեղծեց բժշկագիտության այնպիսի ճյուղի հիմնավորման և հաստատման համար, ինչպիսին է կոնսերվատիվ ուռոլոգիան, որի հիմնական պնդումներից էր սեռական օրգանների ցանկացած ախտահարման ժամանակ սեռական խանգարման անխուսափելիությունը։ Ընդ որում, սեռական խանգարման ախտածնության մեջ դեր է խաղում ինչպես բուն օրգանական վնասվածքը, այնպես էլ հոգեբանական գործոնը՝ հիվանդության առկայության գիտակցման և ողբերգականացման հետևանքով։ Օրինակ կարող է ծառայել կալկուլյոզ պրոստատիտի դեպքում սեռական հակման իջեցումը։ Բժիշկ-ուռոլոգի մտածողությունը ձևավորվում է իր մասնագիտության շրջանակներում, որը ըստ էության վիրաբուժական է։ Դա հաճախ հղի է սեռական ֆունկցիայի ապահովման գործում հոգեբանական, սոցիալական, վարքային գործոնների թերագնահատման, երբեմն անգամ լրիվ անտեսման վտանգով, մի մոտեցում, որից զերծ է թերապևտի, և առավել ևս` հոգեբույժի մտածողությունը։ Այլ խոսքերով ասած, բուժման շեշտը դրվում է օբյեկտիվ հիվանդության մեխանիկական վերացման, այլ ոչ այցելուի սուբյեկտիվ բարեկեցության վերականգնման վրա։ Իհարկե, կան բժիշկներ, որոնք ուռոլոգիական բուժական միջոցառումներին զուգահեռ` կիրառում են հոգեթերապիայի տարբեր մեթոդներ` ազդելով անձի հոգեբանության և վարքի վրա։

Ներկայումս սեքսոլոգիան ծանր ժամանակաշրջան է ապրում։ Մի կողմից` բժշկական ապահովագրությունը այլևս ի զորու չէ ծածկելու բուժման և ախտորոշման հետ կապված ծախսերը, մյուս կողմից` փոփոխություններ են տեղի ունենում ուռոլոգիայի և անդրոլոգիայի բովանդակային և սկզբունքային մոտեցումներում։

Սեքսոլոգիական օգնության դիմող այցելուների մեջ մեծ տոկոս են կազմում այնպիսիք, որոնք իրենց սեռական խանգարումը կապում են տարած վեներական վարակի հետ։ Ներկայումս փոխվել են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների (ՍՃՓՀ) տարածման դեմ պայքարի միջոցառումների ուղղությունները։ Եթե նախկինում պայքար էր տարվում վարքային շտկումների՝ մոնոգամիայի և սեռական ձեռնպահության խրախուսման ուղղությամբ, ապա այսօր, պոլիգամիայի տարածման կապակցությամբ` մեծ կիրառություն են ստացել ՍՃՓՀ-ներից պաշտպանման միջոցները։ Լայն տարածում է ստացել պահպանակների և հակաբեղմնավորիչ հաբերի գովազդումը, որը բժշկական սեքսոլոգիայի խնդիրների շրջանակը նեղացրել է մինչև ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության պահպանման մակարդակը։ Այդ սահմանափակման մասին են վկայում վերջին 10 տարիների ընթացքում տպագրված բազմաթիվ հոդվածներ,որոնք վերաբերում են միջազգային գործակալությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի արդյունքներին։ Այդ ծրագրերում միտումկանույնացնելու սեռական գործունեության պրոկրեատիվ և ռեկրեատիվ կողմերը, որոնք իրենց խորքում արմատապես տարբեր են։ Այստեղ, իհարկե, դեր է խաղում մարդու վերարտադրողական ֆունկցիային գինեկոլոգիական մենաշնորհային մոտեցումը և գերիշխողազդեցությունըայն կարծիքի, որ զույգի անպտղության գործում հիմնական «մեղավորը» կինն է։

Բժիշկ-սեքսոլոգը պրակտիկ գործունեության ընթացքում բախվում է սեռական օրգանների խրոնիկ բորբոքային հիվանդությունների հետևանքով առաջացած սեռական խանգարումների հետ։ Քանի որ վեներոլոգի կամ ինֆեկցիոնիստի գլխավոր նպատակը ինֆեկցիոն ագենտի հեռացումն է, ապա սեռական ֆունկցիայի վերականգնմանը ինքնըստինքյան տրվում է երկրորդական դեր։  Սեռական խանգարման առաջացման առաջնային պատճառի շուրջ հաճախ են բանավեճեր ծագում։ Քննարկվում են ինֆեկցիոն ագենտի ազդեցության բոլոր հնարավոր տարբերակները` անտեսելով դեռևս Հիպոկրատի ժամանակներից ճանաչված բժշկական գործունեության հիմնական սկզբունքը՝ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան բարեկեցության աներկբա անհրաժեշտությունը։ Սեքսոլոգիական գանգատների յուրահատկություններից է հոգեկան ապրումների ներգրավումը։ Այդ գանգատների վերացմանն ուղղված աշխատանքները ենթակա են ձախողման, եթե անտեսվի այցելուի սուբյեկտիվ ինքնազգացողության վերականգնումը։

Եվ այսպես, մինչ օրս սեքսոլոգիան զբաղվում է գլխավորապես պաթոլոգիայով, ընդ որում բժշկագիտության յուրաքանչյուր բաժի նուսումնասիրում է խնդիրը իր տեսանկյունից։

 

Նախկինում նորմալ սեռական վարքը չէր համարվում բացատրություն պահանջող և խնդիրներ հարուցող երևույթ։ Նորմալ սեռական վարքի մասին դատողություններ արվում էին՝ ելնելով սեռական խանգարումների ուսումնասիրումից։ Իսկապես, ու՞մ և ի՞նչը համարել նորմա։ «Նորմա» հասկացությունը կենսաբանության և բժշկության մեջ բազմիմաստ է։ Նախևառաջ, նորման վիճակագրական միջինն է, այն ցուցանիշը, որն ամենից հաճախ է հանդիպում։ Ընդ որում, դա ոչ միայն միջին վիճակագրական թիվ է, այլ նաև այդ թվի որոշակի սահմանների տատանումները։

 

Առաջներում գիտնականները չգիտեին, թե որոնք են սեռական վարքի վիճակագրական նորմաները և թե ինչպիսին է մարդկանց սեռական վարքի նկարագիրը կլինիկայից դուրս։ Այդ տվյալները ձեռք բերելու համար անհրաժեշտ էր իրականացնել զանգվածայի նհարցումներ։ Նմանատիպ հարցումներ առաջին անգամ իրականացվել են XX դարի սկզբում` Մագնուս Հիրշֆելդի նախաձեռնությամբ։Սակայն իսկական հեղափոխությունը այդ գործում կապված է ամերիկացի գիտնական Ալֆրեդ Կինզիի անվան հետ։ Նա անց է կացրել 19 հազար հարցազրույց, որոնցից յուրաքանչյուրը պարունակում էր 350-ից 520 հարց։ Դրանց արդյունքները նա հրապարակ հանեց «Տղամարդու սեռական վարքը» (1948) և «Կնոջ սեռական վարքը» (1953) երկհատորյակով, որոնք սեքսոլոգիայի համար բացեցին նորհորիզոններ ևուսումնասիրման լայն շրջանակ։

1940-1960 թթ.-ին սեքսոլոգիայի հիմնական խնդիրը գիտականորեն ապացուցված, հավաստի տվյալների կուտակումն էր` այսբնագավառում տիրող դիլետանտությունը հաղթահարելու նպատակով։ Սա հնարավոր էր միայն սեփական մեթոդոլոգիական մոտեցումների մշակման պարագայում, քանի որ գիտության յուրաքանչյուր ճյուղ կարող է կայանալ և զարգանալ, եթե ունի մեթոդոլոգիական սեփական մոտեցումներ։ Առաջ քաշվեց սեռական հարաբերության լաբորատոր ուսումնասիրման գաղափարը։ Ամերիկացի գիտնականներ Ու. Մաստերսը և Վ. Ջոնսոնըառաջիննէին, որ լաբորատոր պայմաններում ուսումնասիրեցին 7500 ավարտուն կանացի և 2500 տղամարդու սեքսուալ ցիկլեր՝օբյեկտիվորեն գրանցելով ֆիզիոլոգիական յուրաքանչյուր փոփոխություն։ Առաջին անգամ հնարավոր դարձավ օբյեկտիվ նկարագրել սեքսուալ ցիկլի ֆիզիոլոգիան։ Դրա հիման վրա Ու. Մաստերսը և Վ. Ջոնսոնը մշակեցին զույգային սեքսթերապիայի սկզբունքները։

Խորհրդային կարգերի օրոք, ինչպես միութենական մյուս հանրապետություններում, այնպես էլ Հայաստանում սեռական կյանքին վերաբերող խնդիրները ևս գտնվում էին իշխող գաղափարախոսության ազդեցության ներքո։ 1930-1956 թթ. տոտալիտարիզմի ռեժիմի ներքո ընտանիքի ձևավորման և ամրության խնդիրները որոշվում էին հրամայողական եղանակով. հաստատված էր համընդհանուր հսկողություն անձի նկատմամբ, ժխտվում և ճնշվում էր սեքսուալությունը։ 1956-1986 թթ. տոտալիտարիզմի փոխարինումը ավտորիտարիզմով բերեց որոշակի անհատական ազատության։ Այս ժամանակաշրջանում սեքսուալության ուղղակի ճնշումը և ժխտումը փոխարինվեց այն կառավարելի դարձնելու և վերահսկելու ռազմավարությամբ։ Խորհրդային իշխանության փլուզումից հետո սեռական կյանքի դրսևորումները միանգամից հայտնվեցին ամենաթողության դաշտում, սեքսը վուլգարացվեց և դարձավ կոմերցիոն շահարկումների առարկա։

Խորհրդային սեքսոլոգիայի կայացման գործում մեծ դեր է խաղացել Գ.Ս. Վասիլչենկոն, ում գլխավորությամբ Մոսկվայում 1973 թ.-ին հիմնվեց սեքսոպաթոլոգիայի համախորհրդային գիտամեթոդական կենտրոնը։ Վասիլչենկոյի հետևողական ջանքերի շնորհիվ Խորհրդային Միությունում ևս սեքսոպաթոլոգիան դարձավ բժշկական ինքնուրույն ճյուղ։ Այս դիրքերից գրվեցին սեքսոպաթոլոգիայի առաջին ռուսերեն ձեռնարկները բժիշկների համար. «Ընդհանուր սեքսոպաթոլոգիա» (1977թ.) և «Մասնավոր սեքսոպաթոլոգիա» (1983թ.)։  Սեքսոպաթոլոգիայի շրջանակներում քննարկվում էին նաև նորմալ սեքսուալության հարցերը։ Սեքսուալությունը կառավարելի դարձնելու և վերահսկելու միտումը, որ գերիշխող ռազմավարություն էր այդ ժամանակաշրջանում, իր արտացոլումն է գտել վերոնշյալ ձեռնարկներում։

Սակայն սեքսոպաթոլոգիան, որպես ինքնուրույն բժշկական գիտաճյուղ, խորհրդային բժշկության մեջ մնում էր խորթ զավակի դերում։Եվմիայն 80-ականներին Լենինգրադի, Խարկովի և Մոսկվայի բժիշկների վերապատրաստման ինստիտուտներում բացվեցին հատուկկուրսեր, որոնց նպատակն էր բժիշկ-սեքսոլոգների պատրաստումը և վերապատրաստումը։

Սեքսոլոգիան և սեքսոպաթոլոգիան Հայաստանում դեռ գտնվում են ձևավորման փուլում։ Առայժմ դրանք առավելապես կրում են ռուսական դպրոցների՝ Վասիլչենկոյի և Կրիշտալի սեքսոլոգիական հայացքների ազդեցությունը։

Հայաստանում առաջին անգամ սոցիոլոգիական հարցում իրականացվել է 1960 թ.-ին, Ս.Ս. Թորոսյանի կողմից։ Լինելով նևրոպաթոլոգ, Թորոսյանի ուշադրությունը ավելի շատ սևեռված էր այն սեռական խանգարումների վրա, որոնք իրենց հիմքում ունեին նևրոլոգիական գործոններ։

Սեռական խանգարումներով այցելուների մեկ այլ ստվար խումբ գտնվում էր ուռոլոգիական բաժանմունքներում։ 1973թ.-ին Երևանի 3-րդ քաղաքային հիվանդանոցի բազայի հիման վրա բացվեց կոնսերվատիվ ուռոլոգիայի և սեքսոպաթոլոգիայի բաժանմունքը։ 1975 թ.-ին նմանատիպ բաժանմունք բացվեց 1-ին քաղաքային հիվանդանոցում։ Միզասեռական օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդություններով մեծաթիվ հիվանդներ անարդյունավետ էին բուժվում ուռոլոգիական բաժանմունքներում, քանի որ վերջիններս գործում էին վիրաբուժական բաժանմունքների շրջանակներում և իրենց բուժական մոտեցումները խարսխում էին վիրաբուժական մտածողության վրա։ Մյուս կողմից` գոյություն ուներ բուժման տևողության հաստատված ժամկետ՝ 7-10 օր՝ այն հիմնավորմամբ, որ վիրահատության ևդրանից հետո վերքի լավացման համար պահանջվում է ոչ ավելի, քան վերոնշյալ 7-10 օրը։ Մինչդեռ քրոնիկ բորբոքային պրոցեսների բուժումը պահանջում էառնվազն 30-40-օրյա կոնսերվատիվ բուժում։ Բաժանմունքները ղեկավարում էին բժիշկներ, որոնց գերիշխող բուժական ռազմավարությունը վիրահատականն էր։ Միզասեռական օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդություններով այցելուների սեռական խնդիրներով զբաղվելուհամար Լ.Տ. Միանսարյանի կողմից բացվեց հատուկ բաժանմունք, որտեղ հավաքվեցին սեռական ոլորտիհետ կապված խնդիրներն ուսումնասիրող մի շարք հարակից մասնագետներ։

Բաժանմունքը գործում էր մուլտիդիսցիպլինար մոդելի օրինակով, այսինքն սեռական խանգարում ունեցող այցելուն հետազոտվում էր միաժամանակ մի քանի հարակից մասնագետների համատեղ ջանքերով։ 1980թ.-ից բաժանմունքը համալրվեց Լենինգրադում և Խարկովում վերապատրաստված բժիշկ-սեքսոլոգներով, և բուժման մեթոդոլոգիական մոտեցումը վերափոխվեց համակարգայինի։ Այդ պարագայում սեռական խանգարումով այցելուն գտնվում էր հիմնականում մեկ բժշկի հսկողության տակ, որը տիրապետում էր սեռական խանգարումների ախտորոշման և բուժման համակարգային պատկերացումներին։

Պլանավորված տնտեսական համակարգի շրջանակներում բժիշկ-սեքսոլոգների քանակը պայմանավորված էր բնակչության թվով։ Սեքսոպաթոլոգների մասնագիտացման կենտրոններ էին համարվում Խարկովի ԲՎԻ և ՌՖԽՀ հոգեբուժության ինստիտուտի կազմում գործող սեքսոպաթոլոգիայի ամբիոնները։ 1986 թ.-ին Հայաստանում սեքսոպաթոլոգիայի բնագավառում իրականացված գիտական աշխատանքները սահմանափակվում էին 6 թեկնածուական ատենախոսություններով, որոնց պաշտպանությունը իրականացվել էր Վ. Կրիշտալի ղեկավարությամբ։

1993թ.-ին ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի հոգեբուժության և հոգեթերապիայի ամբիոնում բացվեց սեքսոպաթոլոգիայի հատուկ կուրս, որտեղ կլինիկական օրդինատուրայի շրջանակներում մինչ օրս պատրաստվում և վերապատրաստվում են բժիշկ-սեքսոլոգներ։

Գիտական աշխատանքներն ընթանում են Կ.Գ. Դանիելյանի ղեկավարությամբ և վերաբերում են ուղեղի օրգանականխանգարումներիհետևանքով առաջացած փսիխոսեքսուալ խանգարումներին։

1998թ.-ին ԵՊԲՀ-ում բացվեց սեքսոպաթոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնը, որը մեծապես նպաստեց սեքսոլոգիայի բնագավառում գիտական և ուսումնա-մեթոդական աշխատանքների ծավալմանը։ Քաղաքակրթության զարգացման ժամանակակից փուլում եվրոպական և ամերիկյան ազդեցությունների հետևանքով Հայաստանում փոխվում են նաև բժշկական սեքսոլոգիայի մոտեցումները` ներառելով ինչպես հարակից բժշկական դիսցիպլինների, այնպես էլ ոչ բժշկական դիսցիպլինների տարրեր։ Ֆրանսիացի սեքսոլոգ ևփիլիսոփա Ժան Ֆավյե-Տերնելը պնդում է, որ ժամանակակից մարդը վաղուց այլևս չի զգում ֆիզիկական սիրո այն պահանջը, որը դարեր շարունակ ունեցել են մեր նախնիները։ Եվրոպացու առօրյա կյանքում սեքսի զբաղեցրած տեղը անհամեմատ զիջում է կարիերային, սննդին և նույնիսկ հեռուստատեսությանը։ Ըստ նրա, նոր դարի մարդկանց շփումը արտահայտվելու է ոչ թե «մարմնի պարզունակ շարժումների», այլ հոգևոր մտերմության միջոցով։ Իսկ հաջողության չափանիշը ոչ թե սեքսի կամ փողի քանակն է, այլ կենսակերպի համապատասխանությունը սեփական ցանկություններին և հնարավորություններին։ Սեքսին հատուկ, չափազանցված նշանակություն տալը մեծապես պայմանավորված է դեղին մամուլի գործունեությամբ։ Մարդկությունն անցել է «հիպերսեքսուալության շրջանը» (XIX դարի վերջ և XX դարի 60-ականներ), իսկ սեռական գերցանկության բավարարման ամենահեշտ և մատչելի միջոցը ձեռնաշարժությունն է։ Ըստ գիտնականի սեքսը հիմնականում նախատեսված է սերնդի շարունակության համար, իսկ ովքեր կանոնավոր և հաճախակի սեքսը համարում են պարտադիր, տառապում են ցածր ինքնագնահատականով, քանի որ կարծում են, թե հաճախակի սեռական կապերը իրենց պետքականության ապացույցն են։ Իսկ ովքեր կոնստիտուցիոնալ հիպերսեքսուալ են, կազմում են մարդկության ընդամենը 5%-ը։

Ֆրանսիացի գիտնականի կանխատեսումները բխում են նրա դավանած փիլիսոփայական ուղղությունից, որը կոչվում էկոնստրուկտիվիզմ։ Վերջինս պնդում է, որ մարդու սեքսուալությունը ոչ թե բնության կողմից տրված հատկանիշ է, այլ պատմության և մշակույթի հարափոփոխ արգասիք, որը տարբեր հասարակություններ տարբեր կերպ են տնօրինում։

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍԵՔՍՈԼՈԳԻԱՅԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ


Կլինիկական սեքսոլոգիան բժշկության բնագավառ է, որն ուսումնասիրում է սեռական ֆունկցիայի խանգարման վարքային, անձնային և էմոցիոնալ ասպեկտները և մշակում այդ խանգարումների ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներ։

Սեքսոլոգիայի զարգացման սկզբնական փուլերում կարծում էին, որ սեռական խանգարումների պատճառը որևէ հիմնական հիվանդության (էնդոկրին, ուռոլոգիական, հոգեբուժական) առկայության փաստն է, և հիվանդներին տրվում էր օգնություն այն մասնագիտության շրջանակում, որին պատկանում էր տվյալ սեռական խանգարման պատճառ հանդիսացող հիվանդությունը։ Սակայն շատ հաճախ սեռական խանգարումը հանդիպում էր առանձին` առանց որևէ հիմնական հիվանդության առկայության։ Մյուս կողմից` լուրջ ախտահարումների ժամանակ՝ ինչպես սոմատիկ, այնպես էլ հոգեկան, դիտվում էր լիակատար սեքսուալ առողջություն՝ իր բոլոր դրսևորումներով։ Բացի այդ, առավել կայուն և բուժման հանդեպ համառ սեռական խանգարումներ հանդիպում էին այն հիվանդների մոտ, որոնց մանրակրկիտ ուռոլոգիական, էնդոկրին, նյարդաբանական և հոգեբուժական հետազոտումը չէր հայտնաբերում նորմայից որևէ շեղում։

Այս ամենը ապացուցում է, որ սեքսուալ պաթոլոգիան որակապես տարբերվում է իր յուրահատկությամբ և կարիք ունի սեփական մեթոդաբանության, ախտորոշիչ և թերապևտիկ միջոցառումների սեփական համակարգի մշակման։

Մեթոդաբանական մոտեցումների գնահատման ժամանակ, ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում բժիշկներն անվերապահորեն պնդում են, որ սեքսուալությունը և նրա դրսևորումները ապահովվում են տարբեր ֆունկցիոն ալ համակարգերի բարդ և ինտեգրալ փոխազդեցությամբ։ Այդ համակարգերն են` ուռոգենիտալ ապարատից սկսած մինչև հոգեբանական համընդհանուր կառույցները, այդ թվում` վարքի համար պատասխանատու ուղեղային կառույցները։ Սեքսոլոգիայի մեթոդաբանական մոտեցումները երեքն են՝

  1. Մոնոդիսցիպլինար կամ ռեդուկցիոնիստական մոտեցումը սահմանափակվում է որևէ մասնագետի՝ ուռոլոգի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի կամ հոգեբույժի մասնագիտական հայեցողությամբ, սեքսոպաթոլոգիայի առանձին ասպեկտները դիտվում են միայն համապատասխան հարակից մասնագիտության շրջանակում։  

  2. Մուլտիդիսցիպլինար կամ hամալիր քննարկման մոտեցում. Այստեղ սեքսոպաթոլոգի դերը սահմանափակվում է դիսպետչերի պարտավորություններով։

  3. Միջդիսցիպլինար կամ ինտեգրալ մոտեցում. Սեքսոպաթոլոգիան որոշում է հիվանդների իր կոնտինգենտը, ձևավորում կատեգորիաների սեփական համակարգ և առանձնանում իբրև ինքնուրույն կլինիկական դիսցիպլին։

Նկ. 1 Սեքսոլոգիայի երեք մեթոդաբանական մոտեցումները
ա. Մոնոդիսցիպլինար կամ ռեդուկցիոնիստական մոտեցում
     բ. Մուլտիդիսցիպլինար կամ hամալիր քննարկման մոտեցում
գ. Միջդիսցիպլինար կամ ինտեգրալ մոտեցում

 

Սեքսոլոգիայի կայացման փուլերը


I փուլ – Մեխանիկական կամ լոկալիզացիոն փուլ՝ բոլոր սեռական խանգարումները կապվում են սեռական օրգաններում կատարվող փոփոխությունների հետ

II փուլ – Հանրագիտարանային փուլ՝ կատարվում է անցում դեպի մուլտիդիսցիպլինար մեթոդոլոգիական մոտեցում

III փուլ –
Համակարգային վերլուծության փուլ։

I փուլի
ներկայացուցիչները համարում են, որ սեռական խանգարումները տեղային են՝ ուռոլոգիական ախտահարման հետևանք, օրինակ` ուրետրիտի, պրոստատիտի կամ կոլիկուլիտի, և բուժման մարտավարությունն ուղղվում է այդ  օջախների բուժմանը` ենթադրելով սեքսուալ ֆունկցիայի մեխանիկական վերականգնում։ Տվյալ փուլի ազդեցությունն արտացոլվում է նաև ներկայումս՝ սեքսոպաթոլոգիային հարակից այնպիսի ոլորտների մասնագետների աշխատանքային գործունեության ընթացքում, ինչպիսիք են ուռոլոգիան, վեներոլոգիան, գինեկոլոգիան։ Այն արտահայտվում է ախտորոշիչ միջոցառումների համատարած կաղապարային մարտավարությամբ և բորբոքային պրոցեսի հայտնաբերելուց հետո ոչ ռացիոնալ քանակությամբ հակաբակտերիալ պրեպարատների նշանակմամբ։ Դա, բնականաբար, չի բերում սեքսուալ ֆունկցիայի վերականգնմանը, և հիվանդը հեռանում է տվյալ բժշկական հաստատությունից նույն գանգատներով, ինչով և դիմել էր։

Հետագայում, փորձարարական էնդոկրինոլոգիայի և հորմոնների քիմիայի զարգացման ֆոնի վրա ձևավորվեց հորմոնների ամենակարողության մասին պատկերացում, և սեքսոպաթոլոգիայում առաջատար դերը վերապահվեց էնդոկրին ուղղվածությամբ մասնագետներին։ Դրա արդյունքում սեքսուալության դրսևորումների և խանգարումների ողջ համալիրը սկսեց մեկնաբանվել սեռական և այլ հորմոնների քանակական և որակական տեղաշարժերով։

Մեր գործնական աշխատանքում բավականին մեծ թիվ են կազմում այն այցելուները, որոնք նախկինում երկար ժամանակ չհիմնավորված բուժում են ստացել արական սեռական հորմոններով` պոտենցիան վերականգնելու նպատակով, այնինչ խանգարման իսկական պատճառը եղել է կոնքի օրգաններում կանգային պրոցեսի առկայությունը` պայմանավորված «անհաջողության սպասումի նևրոզով»։ Նման դեպքերում հորմոնալ բուժումը ոչ միայն անարդյունք է, այլև հղի է ընդհանրապես էրեկցիայի վերացման վտանգով։

II – Հանրագիտարանային փուլը բնութագրական է նրանով, որ այստեղ գերիշխում է սեքսոլոգիայի մուլտիդիսցիպլինար մեթոդաբանական մոտեցումը։

Սեռական խանգարումների առաջացումը այլևս չի դիտարկվում միապատճառ տեսանկյունով և միակողմանիորեն։ Հաշվի են առնվում գործոնների միանգամից մի քանի խումբ. ուռոլոգիական, նյարդաբանական, էնդոկրին, հոգեկան, որոնց նաև ավելանում են սոցիալ-հոգեբանական, մշակութային և այլ գործոններ։

Այս փուլի բարձրագույն նվաճումը պարամետրիկ հետազոտություններն են, որոնք անց են կացվել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում։ ԱՄՆում հետազոտություններն իրականացվել են Կինզիի կողմից (1948-1953թթ.)։ Ի դեպ, այսօր էլ ԱՄՆ-ում գործում է Կինզիի անունը կրող սեքսոլոգիայի ինստիտուտը։ Հաղթահարելով հասարակության պահպանողական տրամադրվածությունը՝ նա հատուկ մշակված հարցաթերթիկների հիման վրա հավաքել է մեծաքանակ նյութ և դուրս է բերել վիճակագրական միջին ցուցանիշներ։ Գիտնականի ստացած տվյալները հետագայում հիմք հանդիսացան կլինիկական սեքսոլոգիայի՝ ոչ միայն որպես բժշկական մասնաճյուղի, այլև որպես ինքնուրույն գիտության զարգացման համար, որն ընդգրկում է հասարակական կյանքի այլ ասպեկտներ ևս։

Հետազոտությունների հետագա ընթացքը նշանավորվեց Մաստերս և Ջոնսոն ամուսինների կողմից սեքսուալության ֆիզիոլոգիական պարամետրերի բացահայտմամբ, ինչը հարստացրեց սեքսոլոգիան փաստարկային տվյալներով։

III –
Կլինիկական սեքսոլոգիայի համակարգային մոտեցումը և միջդիսցիպլին ար մոդելը մշակվեց Գ.Ս. Վասիլչենկոյի կողմից` արդեն գոյություն ունեցող այնպիսի հիմնարար հետազոտությունների հիման վրա, ինչպիսիք էին Անոխինի (1975) ֆունկցիոնալ համակարգերի տեսությունը և իր իսկ կողմից մշակված կոպուլյատիվ ցիկլի փուլերի և բաղադրիչների հայեցակարգը։ Դրանք թույլ տվեցին որոշել սեքսուալ խանգարումների յուրահատուկ նոզոլոգիական ձևերը և մշակել այդ ձևերին համապատասխան բուժում։

Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Աղբյուր. sexology.am
Լուսանկարը. hq-oboi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը

Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»

118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը

Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը

Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան  Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց

«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am

Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր

Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը

Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան,  նա ստիպված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 8-ին ծնվել է Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը
Մայիսի 8-ին ծնվել է  Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը

Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը

Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը

Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն

Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ